Հայաստանյան հուշարձանների պահպանության, վերականգնման աշխատանքներն ինչպե՞ս են ընթանում այս դժվարին տարում, եթե հաշվի առնենք, նախ, արտակարգ իրավիճակը՝ համավարակով պայմանավորված, այնուհետև՝ ռազմական դրությունը։ Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացնում ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՅԱՆԸ։
-Պետբյուջեի շրջանակներում հայաստանյան հուշարձանների ո՞ր մասն էր նախատեսված վերականգնել 2020 թվականին։
-Այս տարի նախատեսված հիմնական բյուջեից բացի, տարվա ընթացքում նախարարությունը վերաբաշխում էր կատարել խնայված միջոցներից, և կառավարությունը մայիսի 21-ի նիստում կապիտալ ծրագրերի շրջանակներում հաստատել էր մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման ու փորձաքննության իրականացման փաթեթը։ Դրանց մեջ մտնում էին հետևյալ աշխատանքները. Շիրակի մարզում` Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում, Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում, Հոռոմ համայնքի սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում: Վայոց ձորի մարզում` Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում: Արագածոտնի մարզում` Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում: Արարատի մարզում` Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում: Լոռու մարզում` Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում: Կոտայքի մարզում` Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում, Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում: Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղադրում` ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի: «Լոռեցի Սաքո» քանդակի վերականգնում, որը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:
-Մրցույթներն ի՞նչ պատճառով չեն կայացել։
-Մի կողմից համավարակը խանգարեց, պատճառներից մեկն էլ բանկային երաշխիքի ներդրումն է։ Քանի որ առաջին տարին էր, մեր վերականգնող շինարարների մի մասն ուղղակի պատրաստ չէր նոր պայմաններին. մրցույթները չկայացան մասնակիցների բացակայության պատճառով։ Սակայն տարվա երկրորդ կեսին արդեն մասնակցությունը բավական մեծացավ, և մի շարք օբյեկտների մրցույթների շահողներ ունենք։
-Նշված հուշարձանների ո՞ր մասն է աշխատանքային ընթացքի մեջ։
-Կայացել են Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրման, ամրակայման և տարածքի բարեկարգման, Շատիվանքի վանական համալիրի ամրակայման, մասնակի վերականգնման տարածքի բարեկարգման, Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայման գիտանախագծային և նախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթները։ Ընթացքի մեջ են նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման նախագծային աշխատանքները։ նախագծային աշխատանքներից բացի, ընթացքի մեջ են Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանիքների նորոգման, Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի տանիքի նորոգման, Հոռոմի սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման, Բնունիսի սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման և մասնակի բարեկարգման, «Լոռեցի Սաքո» քանդակի վերականգնման, ինչպես նաև Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման աշխատանքները։
-Կա՞ն աշխատանքներ, որ հետաձգվել կամ չեղարկվել են՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։
-Քանի որ տարին ավարտվում է, պատերազմը սկսվելուց հետո, նաև միջոցների խնայման անհրաժեշտությունից ելնելով, այս տարի այլևս մրցույթ չի հայտարարվի այն աշխատանքների համար, որոնց մրցույթները մինչև հիմա հաղթողներ չունեն։ Վերոնշյալ աշխատանքների մրցույթները և պայմանագրերը կնքվել են պատերազմից առաջ։
-Մասնավորի հետ համագործակցության դեպքեր ունե՞ք։
-Նշվածները պետբյուջեով հաստատված են և իրականացվելու են պետական պատվերով։ Մասնավորի հետ համագործակցության դեպքեր նույնպես ունենք, օրինակ՝ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրը բարերարի կողմից հենց այս պահին վերականգնվում է. շինթույլտվությունը տրված է, աշխատանքներն իրականացվում են, նախարարության և բարերարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Մի քանի այլ հուշարձանների հետ կապված էլ կան բարերարներ, քննարկման փուլում ենք՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
-Թվում է՝ պատերազմական իրավիճակում երկրորդային են դառնում շատ գործառույթներ, այդ թվում՝ հուշարձանների վերականգնում, պահպանում և այլն։
-Պատերազմական դրությունը հատուկ պայմաններ, ճիշտ է, թելադրում է, բայց պետք է ուժեղ լինել նաև թիկունքում, պետության կյանքը հնարավոր չէ կանգնեցնել։ Սահմանափակումներ՝ դրամական խնայողությունների տեսքով, կան ու կլինեն, բայց գործառութային առումով պատերազմական իրավիճակում պետք է փորձենք ավելին անել, քան կանեինք խաղաղ ժամանակ։ Այսինքն, ամեն մեկս մեր տեղում աշխատանքը լավ կատարելով պետք է ամուր պահենք թիկունքը։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ